Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

ՀՀ–ից վաղաժամկետ վերադառնալու համար զբոսաշրջիկներ չեն դիմել. ՌԴ տուրօպերատորների ասոցիացիա

Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան հայտարարություն է տարածել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ռուս տուրօպերատորները Հայաստանում հանգստացող զբոսաշրջիկներից բողոքներ կամ խնդրանք չեն ստացել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան։
«Հայաստանն այժմ ռուսաստանցիների մոտ կազմակերպված արտագնա զբոսաշրջության ամենատարածված ուղղությունների տասնյակում է` Ռուսաստանի տարբեր օդանավակայաններից շաբաթական գրեթե 200 չվերթ է այնտեղ մեկնում: Տուրօպերատորները կապի մեջ են Հայաստանում զբոսաշրջիկներին ընդունող ընկերությունների հետ և պատրաստ են արագ արձագանքել նրանց դիմումներին։ Առայժմ ոչ մի բողոք կամ խնդրանք չի ստացվել վաղաժամկետ վերադառնալու մասին»,–հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։
Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։
Այս պահի դրությամբ իրավիճակը սահմանին շարունակում է լարված մնալ։