Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

Էնթոնի Բլինկեն. Արխիվային լուսանկար
Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկվող ագրեսիայի առնչությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ: Տեղեկությունը հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկվող ագրեսիայի առնչությամբ:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ տեղի ունեցող գործողությունների հետ կապված որոշում է կայացվել պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Այս համատեքստում, վարչապետ Փաշինյանը միջազգային հանրության համարժեք արձագանքի հույս է հայտնել:

Էնթոնի Բլինկենն ամերիկյան կողմի խոր մտահոգությունն է արտահայտել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և անթույլատրելի համարել իրադրության հետագա լարումը:

Նա ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել ջանքեր գործադրել իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հետ։ Փաշինյանը նախագահներ Վլադիմիր Պուտինին և Էմանուել Մակրոնին է ներկայացրել Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի սկսած ագրեսիվ և սադրիչ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: