Նախագահը Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, կուսակցություններին հորդորել է մի կողմ թողնել քաղաքական տարաձայնություններն ու հակասությունները և նեցուկ կանգնել ՀՀ Զինված ուժերին ու հանրային միասնությանը:
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը դիմել է Հայաստանի միջազգային գործընկերներին՝ դատապարտել ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգություններն ու սադրանքները։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը դիմել է Հայաստանի միջազգային գործընկերներին՝ դատապարտել ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգություններն ու սադրանքները։
Ինչպես հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը, նա կոչ է արել միջազգային իրավունքի նորմերին համաձայն հարկադրել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը հրաժարվել ուժի կիրառման սպառնալիքի և բռնության սանձազերծման գործելաոճից:
Խաչատուրյանը հիշեցրել է, որ սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերը լայնածավալ ռազմական գործողություններ են սանձազերծել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ հրետանու, ԱԹՍ-ների և խոշոր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ՝ գնդակոծելով հայկական դիրքերը, խաղաղ բնակավայրերն ու ենթակառուցվածքները, ինչի հետևանքով հայկական կողմն ունի տասնյակ զոհեր և վիրավորներ, հասցվել է զգալի վնաս շինություններին և կառույցներին:
«Ակնկալում եմ, որ ՀԱՊԿ մեր գործընկերները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ԵԱՀԿ համապատասխան կառույցները ու միջազգային հանրությունը միասնական՝ համարժեք և հասցեական գնահատականներ կհնչեցնեն Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի հիմնարար՝ տարածքային ամբողջականության սկզբունքի կոպտագույն խախտման, խաղաղության օրակարգի խաթարմանն ուղղված ագրեսիայի վերաբերյալ»,–ասել է նախագահը:
Նա ՀՀ քաղաքացիներին, Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, կուսակցություններին և հասարակական կառույցներին հորդորել է, գիտակցելով պահի լրջությունն ու հրամայականը, մի կողմ թողնել քաղաքական տարաձայնություններն ու հակասություններն ու միահամուռ կերպով, անվերապահորեն նեցուկ կանգնել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերին ու հանրային միասնությանը:
«Մեր հայրենիքը համախմբման ու պաշտպանության կարիք ունի և ստեղծված իրավիճակում մեզ բոլորիս պետք է միավորի մեր երկրի պաշտպանության, սահմանների անխաթարելիության, ինքնիշխանության և անվտանգության ապահովման նվիրական գործը»,–ասել է Խաչատուրյանը:
Նա իր խորին ցավակցություններն է հայտնել զոհված զինծառայողների ընտանիքներին և հարազատներին, մաղթում ուժ ու կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։
Սահմանին լարված իրավիճակը շարունակվում է։
Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։