Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

ՀԱՊԿ խորհրդի անդամները ծայրահեղ մտահոգություն են հայտնել ստեղծված իրավիճակով

Արխիվային լուսանկար
Կայացել է ՀԱՊԿ մշտական խորհրդի արտակարգ նիստը՝ հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի կտրուկ լարման հետ կապված։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 13-ին հայկական կողմի նախաձեռնությամբ ՀԱՊԿ քարտուղարության ղեկավարության և միացյալ շտաբի պետ, գեներալ–գնդապետ Անատոլի Սիդորովի մասնակցությամբ կայացել է ՀԱՊԿ մշտական խորհրդի արտակարգ նիստը, հայտնում են ՀԱՊԿ քարտուղարությունից։
Նիստը նախագահող՝ ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը գործընկերներին տեղեկացրել է հայ–ադրբեջանական սահմանի առանձին շրջաններում իրավիճակի զարգացման մասին և հայտնել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ առիթով դիմել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի անդամներին։
Խորհրդի անդամները ծայրահեղ մտահոգություն են հայտնել ստեղծվող իրավիճակով և քննարկել են իրավիճակի կարգավորման համար ՀԱՊԿ մեխանիզմների հավանական ներգրավման վերաբերյալ առաջարկները։
Նշենք, որ իրավիճակի սրումից հետո, գիշերը ՀՀ վարչապետի գլխավորությամբ անվտանգության խորհրդի նիստ է կայացել, որի ընթացում որոշվել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվն այս ժամի դրությամբ 49 է։