ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Հայ–ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում ժամը 14։00-ի սահմաններում իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Չնայած հրետակոծության ինտենսիվության զգալի նվազմանը, հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը մասնավորապես Ներքին Հանդի, Վերին Շորժայի,Արտանիշի և Սոթքի ուղղությամբ»,– նշեց Թորոսյանը։
Նրա խոսքով` ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները։
Ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհերի նախնական թվի մասին ՊՆ–ն լրացուցիչ տեղեկություն կհայտնի ճշտումներ անելուց հետո։
ՀՀ ՊՆ խոսնակն ընդգծեց, որ իրենք մանրամասն ուսումնասիրում են ադրբեջանական Telegram ալիքներում հրապարակվող տեսանյութերը, որոնք կապված են հայ զինծառայողների հետ։ Նա վստահեցրեց` այդ մասով նույնպես կլինեն հավելյալ պարզաբանումներ։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։
Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։