Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Գեղարքունիքում վիրավորում ստացած քաղաքացիական անձանցից մեկը տարեց կին է

Սոթք
ՄԻՊ–ի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Նորաբակ, Կութ, Սոթք, Վարդենիս համայնքների բնակիչների ու ղեկավարների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Գեղարքունիքի մարզում այցելել են քաղաքացիական բժշկական կենտրոն, որտեղ գտնվում են ադրբեջանական գործողությունների պատճառով վիրավորում ստացած 2 քաղաքացիական անձինք, որոնցից մեկը տարեց կին է։ Տեղեկությունը հրապարակվել է ՄԻՊ–ի ֆեյսբուքյան էջում։
«Վերին Շորժայում անձինք ներկայացրել են, որ ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակ են արձակել քաղաքացիական ավտոմեքենաների ուղղությամբ, ինչի պատճառով մեքենաներն այրվել են։ Համայնքի բնակիչները տեղեկացրել են, որ կրակակոծության հետևանքով ստիպված են եղել թողնել իրենց անձնական իրերը, փաստաթղթերը, ընտանի կենդանիներին և զրկված են իրենց տներ վերադառնալու հնարավորությունից»,– ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ փաստահավաք աշխատանքի արդյունքում հավաքագրված տեղեկություններն ու ապացույցները կուղարկվեն միջազգային գործընկերներին ու միջազգային իրավապաշտպան կառույցներին։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։
Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։