Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ֆրանսիան ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ հայ-ադրբեջանական սահմանի հարցով

ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ. Արխիվային լուսանկար
Փարիզը, լինելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահ, այդ հարցը կներկայացնի կառույցի քննարկմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Ֆրանսիան ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ քննարկելու հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումը։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի տեղեկությունը։
«Ֆրանսիան դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` նիստ անցկացնելու հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների վերաբերյալ, որոնց արդյունքում սպանվել է առնվազն 49 հայ զինվորական», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Փարիզը, լինելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահ, այդ հարցը կներկայացնի կառույցի քննարկմանը:
Նշենք, որ իրավիճակի սրումից հետո, գիշերը ՀՀ վարչապետի գլխավորությամբ անվտանգության խորհրդի նիստ է կայացել, որի ընթացում որոշվել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվն այս ժամի դրությամբ 49 է։