Ֆրանսիան խնդրել է ԱԽ–ում քննարկել Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը

ՄԱԿ–ի ԱԽ նիստ
Հայաստանը ՄԱԿ–ին էր դիմել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը Անվտանգության խորհրդում քննարկելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ֆրանսիան խնդրել է ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում քննարկել Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել Անվտանգության խորհրդի աղբյուրը:

«Ֆրանսիան խնդրել է Անվտանգության խորհրդում Սիրիայի հարցով վաղվա քննարկումից հետո անդրադառնալ Հայաստանի նամակին»,– ասել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նամակ է ստացել Հայաստանի մշտական ներկայացուցչից։ Նամակում, որի պատճենն ունի ՌԻԱ Նովոստին, ասվում է, որ Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հանձնարարությամբ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը խնդրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել ՀՀ–ի դեմ Ադրբեջանի կողմից 2022-ի սեպտեմբերի 13-ին սանձազերծված լայնածավալ ագրեսիայի կապակցությամբ:
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։
Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։