Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Էսկալացիան պետք է անհապաղ դադարեցվի․ ԵԱՀԿ-ն դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին

Զբիգնև Ռաու. Արխիվային լուսանկար
Ըստ եվրոպացի պաշտոնյաների՝ Բաքվի և Երևանի միջև բանակցություններում առաջընթաց էր գրանցվել, իսկ նոր բախումները վտանգում են այդ առաջընթացը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ զինված բախումների մասին հաղորդագրություններից հետո։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով կազմակերպության մամուլի ծառայությանը:
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռազմական գործողությունների էսկալացիան պետք է անհապաղ դադարեցվի։ Մինչ այժմ դիվանագիտական ճանապարհով ձեռք բերված առաջընթացը չպետք է բաց թողնվի», - հայտարարել է Ռաուն։
Նա հավելել է, որ վերջին 18 ամիսների ընթացքում Բաքվի և Երևանի միջև բանակցություններում առաջընթաց է գրանցվել, ներառյալ՝ խաղաղության պայմանագրի ուղղությամբ աշխատանքը շարունակելու մասին համաձայնագիրը։ Նա շեշտել է, որ նոր բախումները «վտանգում են այդ առաջընթացը և վտանգում են անհամար կյանքեր»:
Հետագա զոհերից խուսափելու համար էսկալացիան դադարեցնելու կոչով հանդես է եկել նաև գլխավոր քարտուղար Շմիդը: Նա ԵԱՀԿ-ի կողմից օգնություն է առաջարկել՝ հիմնվելով հակամարտությունների կարգավորման ոլորտում կազմակերպության բազմամյա փորձի վրա։
Հնդկաստանն ագրեսորին կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները
Կրակը դադարեցնելու կոչով ավելի վաղ Ադրբեջանի նախագահին էր դիմել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։