ԵՄ-ն հատուկ ներկայացուցիչ կուղարկի Հայաստան և Ադրբեջան

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը. Արխիվային լուսանկար
Այդ քայլով նախատեսվում է կարգավորել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Եվրոպական միությունն անհապաղ հատուկ ներկայացուցիչ կուղարկի Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին հայտնել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Նշվում է, որ այդ քայլով նախատեսվում է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը կարգավորել։
«Վերջին ժամերին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լուրջ մարտեր են տեղի ունեցել, որոնց հետևանքով, ըստ հաղորդագրությունների, մարդիկ են զոհվել։ Շատ կարևոր է, որ մարտական գործողությունները դադարեցվեն և բոլորը վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ։ Երկու կողմերն էլ պետք է վերադառնան իրենց դիրքեր, որոնք զբաղեցնում էին մինչ էսկալացիան, և հրադադարի ռեժիմը պետք է լիովին պահպանվի»,– ասել է Բորելը։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կապ է հաստատել երկու երկրի ղեկավարների հետ, իսկ հենց Բորելը զրուցել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: Եվրոպական դիվանագետն ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստակամ է շարունակել որպես միջնորդ հանդես գալ Հայաստանի և Ադրբեջանի միջև, որպեսզի օգնի հասնել Հարավային Կովկասի ընդհանուր նպատակին` խաղաղություն ի շահ ողջ ժողովրդի:
«ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այժմ անմիջապես կուղևորվի երկու երկիր, որպեսզի աջակցի անհրաժեշտ ապաէսկալացմանը և քննարկի Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև բրյուսելյան երկխոսության գործընթացում հետագա քայլերը»,– ընդգծել է Բորելը։
Ուժի կիրառումն անընդունելի ենք համարում. ՀԱՊԿ քարտուղարության հայտարարությունը
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվն այս ժամի դրությամբ 49 է։