Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Անհրաժեշտ է հասցեական և համարժեք արձագանք․ Միրզոյանն ու Խովաևն են հանդիպել

Հայկական կողմն ակնկալում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահ երկրների ակտիվ ներգրավումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի գործողություններին հասցեական և համարժեք արձագանքելու անհրաժեշտություն կա։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ հանդիպման ժամանակ։
Արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ Միրզոյանը ռուս գործընկերոջն է ներկայացրել կեսգիշերին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։
«Ադրբեջանն իր առավելապաշտական նպատակներին ուժի միջոցով հասնելու փորձերով տորպեդահարում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու` հայկական կողմի ջանքերը»,- շեշտել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Զրուցակիցներն անդրադարձել են հանդիպման նախնական օրակարգին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերին։
Միրզոյանն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում հայկական կողմն ակնկալում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահ երկրների ակտիվ ներգրավումը։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։
Սահմանին լարված իրավիճակը շարունակվում է։
Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։