Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ադրբեջանը փորձում է շրջանառությունից հանել նոյեմբերի 9-ի հայտարարությունը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վալդիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը (26 նոյեմբերի, 2021թ․). Սոչի. Արխիվային լուսանկար
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթում, որտեղ կա ադրբեջանական կողմի ստորագրությունը, ֆիքսված է ԼՂ սուբյեկտի գոյության փաստը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կան ինստիտուցիոնալ արձանագրումներ, որոնցից առաջինը ԼՂ սուբյեկտի արձանագրումն է։ Այս պայմաններում Ադրբեջանն ասում է ԼՂ սուբյեկտ գոյություն չունի։ Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ունենք գործող փաստաթուղթ, որի ներքո դրված է ադրբեջանական կողմի ստորագրությունը, որ կա ԼՂ սուբյեկտ, որն ունի շփման գիծ և որտեղ ռուս խաղաղապահներ կան։ Կա նաև Լաչինի միջանցք, որը մարդկանց տեղափոխման և բեռների փոխադրման համար է։ Վերջին շրջանում Ադրբեջանը փորձում է շրջանառությունից հանել, արխիվացնել նոյեմբերի 9-ի հայտարարությունը»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը մի քանի անգամ հայտարարել է, որ եթե տեսնի, որ ՀՀ զինված ուժերը և բանակը որոշակի պոտենցիալ է հավաքում, որն իր ձևակերպմամբ կարող է վտանգ ներկայացնի Ադրբեջանին, իրենք նախահարձակ գործողություններ են իրականացնելու։ Փաշինյանը վստահեցրեց, թե բանակի բարեփոխումները դրան չէին միտված, չնայած ՀՀ–ն պետք է բոլոր հնարավոր միջոցներով հնարավորինս արագ և արդյունավետ բարեփոխի բանակը, մեր զինված ուժերը։
Նրա խոսքով` 2020 թվականի պատերազմի արդյունքում մենք ծանր կորուստներ ենք ունեցել, բայց ՀՀ-ն չի կոտրվել։
«Մենք, որդեգրելով խաղաղության օրակարգը, հասկանում ենք, որ դա մի սուբյեկտից կախված չէ։ Ընդհակառակը, այս գործողություններով Ադրբեջանը ուզում է և փաստացի տորպեդահարում է խաղաղության օրակարգը, որովհետև խաղաղությունն այն միջավայրն է, որտեղ ՀՀ-ն կարող է զարգանալ, ընդ որում մեծ տեմպերով»,–ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
Այս պահի դրությամբ իրավիճակը սահմանին շարունակում է լարված մնալ։
Հիշեցնենք նաև, որ 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։
Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։