Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության բանակցությունից մեր առաջարկած սկզբունքներով. Փաշինյան

Բրյուսելում Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած Փաշինյան–Ալիևը հանդիպումը. Արխիվային լուսանկար
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղի հարցը լուծված է, և չեն ուզում դա քննարկել ՀՀ–ի հետ։ Նա բրյուսեյլան հանդիպումից մանրամասներ ներկայացրեց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Վերջին` բրյուսելյան հանդիպման ընթացքում պարզվել է, որ Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության բանակցություններ վարել ՀՀ–ի առաջարկած սկզբունքների հիման վրա։ Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանի դիրքորոշումը հետևյալն է` չեն ուզում Հայաստանի հետ քննարկել ԼՂ-ի հարցը, քանի որ իրենց դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղի հարցը լուծված է, կամ էլ դա իրենց ներքին խնդիրն է, և չեն ուզում ՀՀ–ի հետ դա քննարկել։ Սակայն պատմությունը սրանով չի ավարտվում. նախկինում էլ ասել ենք` Ադրբեջանի կողմից առաջարկած սկզբունքները, այդ թվում տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, մեզ համար ընդունելի է»,–ասաց Փաշինյանը։
Այս պահին 49 զոհ ունենք. Նիկոլ Փաշինյան
Նա մանրամասնեց, թե ինչ նկատի ունեն տարածքային ամբողջականություն ասելով։ Այսինքն` Ադրբեջանը ՀՀ–ի տարածքային ամբողջականություն ասելով արդյոք նկատի է ունենում նաև այն տարածքները, որոնք 2021-ի մայիսին, կամ էլ Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում օկուպացրել է։ Այս հարցը, ըստ Փաշինյանի, Ադրբեջանի կողմից միանշանակ արձագանք չի ստացել։
Բացի այդ, ըստ Փաշինյանի, Ադրբեջանը պահանջում է, որպեսզի ՀՀ-ն Ղարաբաղը ճանաչի որպես Ադրբեջանի մաս։ «Արդյոք այս երկու խնդիրներից հետո ենթադրվում է, որ Ադրբեջանը ՀՀ–ի նկատմամբ ոչ մի տարածքային պահանջ չի ունենալու։ Խոսակցության համատեքստում հնչում է, որ, այո, Ադրբեջանը ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջներ չունի։ Բայց երբ խոսակցություն է գնում դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մասին, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը պատրաստվում է գործընթացի համատեքստում որոշակի խնդիրներ բարձրաձայնել, իր ձևակերպմամբ` իբր ապօրինի ձևով ՀՀ-ին հանձնված որոշ տարածքների մասով»,–ասաց Փաշինյանը` հավելելով, որ նման խոսակցությունները սովորաբար սկսում են Նռնաձորով և ավարտվում են Երևանով։
Իսկ ինչ վերաբերում է ԼՂ հարցին, ապա, ըստ վարչապետի, Ադրբեջանը հայտարարում է, թե այդ հարցով կբանակցի միջազգային կառույցների հետ` չի բացառվում նաև` ԼՂ բնակիչների հետ Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:
Այս պահի դրությամբ իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։