Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ադրբեջանի զինված ուժերի հարձակման փաստով ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել

ՔԿ–ն արձանագրում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կոպտորեն խախտել է նաև ՄԱԿ–ի կանոնադրությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի զինված ուժերի հարձակման, ՀՀ սուվերեն տարածք ներխուժման, ՀՀ տարածքի ռմբակոծման փաստով ՀՀ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` արգելված եղանակների կիրառմամբ պատերազմական հանցագործություններ վարելը և այլ պետության նկատմամբ ռազմական ագրեսիան (ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ և 149-րդ հոդվածի 1-ին մաս)։
ՔԿ–ն արձանագրում է, որ այդ գործողություններով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կոպտորեն խախտել է ՄԱԿ–ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետը, որի համաձայն ՄԱԿ–ի բոլոր անդամները միջազգային հարաբերություններում ձեռնպահ են ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ և կամ Միավորված ազգերի նպատակներին անհարիր որևէ այլ ձևով ուժի գործադրումից կամ սպառնալիքից:
Ադրբեջանի կողից հայ-ադրբեջանական սահմանի Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերի ուղղությամբ ականանետային-հրթիռահրետանային միջոցների, անօդաչու թռչող սարքերի կիրառումը, այդ բնակավայրերի քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելը ևս ՔԿ–ն գնահատում է որպես վերոհիշյալ միջազգային փաստաթղթի պահանջների խախտում։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում չհրապարակել ընթացող ինտենսիվ փոխհրաձգության տեսանյութեր:
Սեպտեմբերի 13-ի գիշերը տեղի ունեցած ՀՀ Անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: