Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ադրբեջանի գործողություններին հասցեական արձագանք է պետք. Միրզոյանը խոսել է Բորելի հետ

Միրզոյանը շեշտել է, որ ադրբեջանական ագրեսիայի թիրախ են դարձել ոչ միայն ռազմական դիրքերը, այլև քաղաքացիական ենթակառուցվածքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։
Ադրբեջանի ԶՈւ-ն Հայաստանի դեմ ագրեսիան պլանավորվել է նախապես.դատախազությունը տվյալներ ունի
Միրզոյանը Բորելին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:
Շեշտվել է, որ ադրբեջանական ագրեսիայի թիրախ են դարձել ոչ միայն ռազմական դիրքերը, այլև քաղաքացիական ենթակառուցվածքներ։
Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի գործողությունների հասցեական և համարժեք միջազգային արձագանքի անհրաժեշտությունը:
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ զոհերի ճշտված թիվը 49 է։
Սահմանին լարված իրավիճակը շարունակվում է։
Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։