Ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ. ՊՆ

Արխիվային լուսանկար
Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Այսօր, ժամը 4–ի դրությամբ իրադրությունը հայ–ադրբեջանական սահմանին ծայրահեղ լարված է։ Տեղեկությունը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Նրա խոսքով` ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված փոխհրաձգությունը շարունակվում է չթուլացող ինտենսիվությամբ։
Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ–ներ և խոշոր չափի հրաձգային զինատեսակներ։
Հարվածներ են հասցվում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին։
«Որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ։ Դիրքային մարտերը շարունակվում են»,–ասաց նա։
ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են հասցնում հակառակորդին և ողջ ծավալով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները։
Հայակական կողմի կորուստների վերաբերյալ տվյալները ճշտվում են։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։
Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում չհրապարակել ընթացող ինտենսիվ փոխհրաձգության տեսանյութեր: