Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ. ՀՀ ՊՆ խոսնակ

Հրետակոծության են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի ուղղությամբ կեսգիշերից սկսված սադրիչ, ագրեսիվ գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ։ Լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Նա հավելեց, որ տվյալները ճշտվում են։
Թորոսյանի խոսքով` Ադրբեջանի պնդումները, թե հրետակոծությունը սկսվել է հայկական կողմից, բացարձակ կեղծ են։
«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ակնհայտ տեղեկատվական հենք էր պատրաստում, ինչի վկայությունն են ամենօրյա ռեժիմով ապատեղեկատվությունները»,–ասաց նա։
ՀՀ ՊՆ խոսնակը հայտնեց, որ հրետակոծության են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:
Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում չհրապարակել ընթացող ինտենսիվ փոխհրաձգության տեսանյութեր: