Վատ վիճակում է` մեծ փոսեր և քարեր են. Թումանյանի բնակիչները փակել էին միջպետական ճանապարհը

Բողոքի ակցիա. Արխիվային լուսանկար
6 գյուղերին սպասարկող ճանապարհը գրունտային է. այն 27-28 կիլոմետր է ձգվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Լոռու մարզի Թումանյան համայնքի բնակիչներն այսօր փակել էին Մ6 միջպետական ճանապարհը` պահանջելով վերանորոգել 6 գյուղեր տանող միջհամայնքային ճանապարհները: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Թումանյան համայնքի ղեկավարի օգնական Արման Մոսինյանը։
«2021-ին կառավարության նիստի ժամանակ հայտարարել էին, որ արդեն գումար է հատկացվել ճանապարհների նորոգման համար, բայց երկար ժամանակ է` ոչ մի քայլ չի արվում։ Բնակիչների պահանջը տեղին է։ Ճանապարհն իրոք շատ վատ վիճակում են` մեծ փոսեր են, քարեր, այսինքն` գրունտային ճանապարհ է, բայց շատ վատ վիճակում գտնվող»,–ասաց Մոսինյանը։
Նրա խոսքով` հենց այդ ճանապարհից են օգտվում Մարց, Ահնիձոր, Քարինջ, Լորուտ, Շամուտ և Աթան գյուղերի բնակիչները` այլընտրանքային ճանապարհ չկա։ Մոսինյանը նշեց` ճանապարհը ձգվում է 27-28 կիլոմետր։
Թումանյան համայնքի ղեկավարի օգնականը հավելեց, որ բողոքի ակցիա անող գյուղացիների հետ զրուցելու է գնացել Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։
«Մարզպետի հետ բնակիչները պայմանավորվածության եկան` որոշվեց, որ ընթացիկ բարեկարգման աշխատանքներ կկատարվեն, մինչև 1 ամսվա ընթացքում շինարարը հիմնովին կնորոգի և ասֆալտապատում կիրականացնի»,–ասաց նա։
Մարզպետի հետ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո գյուղացիները բացել են ճանապարհը։