Ծայրահեղ մտահոգիչ է. ՀՀ ՄԻՊ–ը` Արցախի համայնքների ուղղությամբ Ադրբեջանի կրակոցների մասին

ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը. Արխիվային լուսանկար
Գրիգորյանն ընդգծել է, որ Ադրբեջանում հայատյացության վտանգավոր չափերի մասին վերջերս բարձրաձայնել էր ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանն անդրադարձել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ քաղաքացիական բնակչության կանխամտածված թիրախավորման վերաբերյալ հավաստի փաստերին և դրանք համարել ծայրահեղ մտահոգիչ։
Նրա խոսքով` դրանք պետք է պատշաճ քննության ու գնահատման առարկա դառնան։
«Այդ երկրում համակարգային հայատյացության վտանգավոր չափերի մասին վերջերս բարձրաձայնել էր ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեն, և այս դեպքերը ցավալիորեն գալիս են ապացուցելու թե՛ կոմիտեի արձանագրումները, և՛ թե Արցախի հայաթափման վերաբերյալ ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից արվող անթաքույց հրապարակային հայտարարությունները»,–նշել է նա։
Հիշեցնենք, որ Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների դիմաց տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը այս գիշեր` ժամը 04:00-04: 30-ի սահմաններում տարբեր տեսակի և տրամաչափի հրաձգային զենքերից 30 րոպե շարունակ կրակահերթեր է բացել։
Ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով տուժել է երկու բնակելի տուն Կարմիր շուկա համայնքում և մեկ տուն Թաղավարդում։