Պատրաստ ենք ծափահարություններով էլ ընդունել նրանց. Ալեն Սիմոնյանը` ընդդիմության մասին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը
Ալեն Սիմոնյանը նշում է, որ ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցին կարող են անդրադառնալ միայն դեկտեմբերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Ազգային ժողովի նիստերին մասնակցելու ընդդիմության բոյկոտն անլուրջ է համարում։ Նա լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց` անդրադառնալով ընդդիմության հայտարարությանը։
Ավելի վաղ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ կշարունակել բոյկոտել ԱԺ նիստերը` չմասնակցելով դրանց։
«Թող մի հատ էլ այլընտրանքային պետություն հիմնեն։ Նրանց մանդատներից զրկելու հարցին կարող ենք անդրադառնալ դեկտեմբերին, երբ նստաշրջանը կավարտվի։ Բայց վստահ եմ, որ նրանք «բժշկի թուղթ» են ներկայացնելու կամ էլ իրենց օրակարգով որոշ նիստերի կգան։ Մենք կառուցողական ենք եղել և չենք զրկել նրանց մանդատներից, թեև կարող էինք ՍԴ դիմել»,–ասաց Սիմոնյանը։
Հարցին, թե ինչո՞ւ ընդդիմության հետ այդպես էլ չհաջողվեց աշխատել` ԱԺ նախագահը նշեց, որ խնդիրը գալիս է ընդդիմության հռետորիկայից. «Մենք ծափահարություններով նրանց ճանապարհեցինք ԱԺ–ից և պատրաստ ենք ծափահարություններով էլ ընդունել նրանց»։
Սիմոնյանը հավելեց, որ ընդդիմությունն այլընտրանք չունի` պետք է վերադառնա ԱԺ։
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանն ընթերցեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը։ Դրանից որոշ ժամանակ անց ընդդիմադիրները լքեցին ԱԺ դահլիճը` հատարարելով, որ չեն ուզում լսել Փաշինյանի ելույթը։