Պատրաստ լինել ցանկացած զարգացման. Սիմոնյանը` Ադրբեջանի ՊՆ-ի ապատեղեկատվությունների մասին

Ալեն Սիմոնյանը ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Ալեն Սիմոնյանը նշում է, որ ադրբեջանական կողմի հետ բանակցային գործընթացը շարունակվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանը մշտապես փորձել է լարված իրավիճակն օգտագործել բանակցությունների ընթացքում։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նշենք, որ վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը գրեթե ամեն օր կեղծ հայտարարություններ է տարածում, իբրև թե հայկական ուժերի կողմից շփման գծի տարբեր ուղղություններով կրակոցներ արձակելու մասին։
«Ադրբեջանը մշտապես ունեցել է այդ գործելաոճը։ Բայց, ի հեճուկս այն բոլոր կանխատեսումների, որ կային ընտրություններից առաջ և հետո, թե Ադրբեջանի այսօրվա իշխանությունները չեն ուզում բանակցել, բանակցային գործընթացը շարունակվում է, Ադրբեջանի ղեկավարն էլ խոսում է խաղաղության մասին։ Ադրբեջանի ոճին ծանոթ ենք, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է հանգիստ նստենք ու ասենք, որ այդ հայտարարությունները ոչինչ չեն նշանակում»,–ասաց Սիմոնյանը։
Նա նշեց, թե հայկական կողմի վերաբերմունքն Ադրբեջանի ՊՆ–ի հայտարարություններին հետևյալն է` ուշի ուշով հետևել և պատրաստ լինել ցանկացած զարգացման։
Սիմոնյանը հավելեց, որ Ադրբեջանի հետ բանակցություններում ՀՀ–ի համար կան կարմիր գծեր, որոնց մասին տեղյակ է նաև Ադրբեջանը։ Հայաստանը, ըստ նրա, շարունակում է գործել այդ տրամաբանության մեջ։
Նա նշեց նաև, թե հետամուտ են լինելու խաղաղության գործընթացին։ ԱԺ նախագահի խոսքով` ինչպես իրենք, այնպես էլ ՀՀ քաղաքացիները գտնում են, որ առաջնային պետք է անվտանգության հարցերը լուծել։ Իսկ անվտանգության հարցերը, ըստ նրա, 2 ձևով են լուծում` հարևանների հետ խաղաղություն հաստատելով և ուժեղ բանակ ունենալով։
«Բանակի բարեփոխումների ուղղությամբ քայլեր են արվում` սկսած օրենսդրական նախաձեռնություններից մինչև կադրային մեծ փոփոխություններ` առաջ ենք գնալու։ Մինչև պատերազմն ասում էին բանակը գլխատեցին, բայց նման բան չի եղել։ Ակնհայտ է, որ հիմա մեծ փոփոխություններ կան»։
Սիմոնյանը հավելեց, թե պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բավական հաջող է իր աշխատանքը կատարում։
Ադրբեջանը հերթական սահմանային սադրանքն է պլանավորում. Մարուքյան