ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. Կյանքից հեռացել է դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանը, հայտնում են Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնից։
Դեկտեմբերին նա կդառնար 73 տարեկան։
«Ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի երկարամյա դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Վրույր Հարությունյանը։
Մեր խորին վշտակցությունն ենք հայտնում դերասանի ընտանիքի անդամներին, հարազատներին, խաղընկերներին ու գործընկերներին, նրա արվեստը գնահատողներին և երկրպագուներին»,-նշված է հաղորդագրության մեջ։
Կերտել է շուրջ 50 թատերական դեր, խաղացել է «Վառած լապտեր», «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ», «Որտե՞ղ էիր, մարդ աստծո», «Մի վախեցիր», «Սուպեր մամա», «Երկրաշարժ» ու այլ ֆիլմերում։