ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը հաղթահարում է Արևմուտքի ճնշումը. բլիցկրիգի մարտավարությունը չաշխատեց։ Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տնտեսական հարցերով խորհրդակցության ժամանակ։
«Տնտեսական բլիցկրիգի մարտավարությունը, որի վրա նրանք (Արևմուտքի երկրները,-խմբ.) հույս էին դրել, չաշխատեց, դա արդեն ակնհայտ է բոլորի, այդ թվում՝ իրենց համար։ Մեր կողմից օպերատիվ իրականացվել են գործուն պաշտպանական միջոցներ, գործարկվել են առանցքային ճյուղերի, համակարգաստեղծ ձեռնարկությունների, ինչպես նաև փոքր ու միջին բիզնեսի աջակցման մեխանիզմներ»,-ասել է Ռուսաստանի նախագահը։
Նրա խոսքով՝ մշակված մեխանիզմներն ուղղված են զբաղվածության և աշխատատեղերի պահպանմանը, քաղաքացիներին` նախևառաջ երեխաներ ունեցող ընտանիքներին ու թոշակառուներին հասցեական օգնություն ցուցաբերելուն:
Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ ռուսական բյուջեի վիճակն ավելի լավ է, քան քսանյակի ու ԲՐԻԿՍ-ի շատ երկրներում:
«Մասշտաբային հակաճգնաժամային միջոցառումների օպերատիվ ընդունումը, ձեռք բերված կայունությունը, արտաքին մարտահրավերների առջև ռուսական տնտեսության ամրությունը հիմնականում նախորդ տարիներին մեր պատասխանատու մակրոտնտեսական քաղաքականության արդյունքն է, ուստի և ռուսական բյուջեի վիճակն այժմ նույնպես զգալիորեն ավելի լավ է, քան «մեծ քսանյակի» երկրների տնտեսություններում ու ԲՐԻԿՍ-ի երկրներում մեր բարեկամների մոտ», - ասել է Պուտինը:
Պուտինը նշել է նաև, որ Ռուսաստանի թշնամիներիգործողություններն անկանխատեսելի են, իմպուլսիվ և ոչ պրոֆեսիոնալ: Նրա խոսքով՝ Ռուսաստանը պետք է աշխատի «իր տրամաբանության մեջ, պահի նախաձեռնությունը» և հետևողականորեն լուծի տնտեսության ու սոցիալական ոլորտի զարգացման իր խնդիրները:
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 200-րդ օրը։