ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև բանակցություններ վարելու համար ներկայումս նախադրյալներ չկան, գրում է ՌԻԱ Նովոստին։
Կիրակի Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Պուտինը և Մակրոնը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը՝ կենտրոնանալով Զապորոժիեի ատոմակայանի անվտանգության ապահովման վրա։ Զրույցի ընթացքում Մակրոնը կոչ էր արել շուտափույթ անցնել Ուկրաինայի հետ երկխոսությանը։ Իր հերթին, Զելենսկին ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ պատրաստ չէ բանակցել Ռուսաստանի հետ, որը «վերջնագրեր է դնում»։
«Ներկայումս մենք բանակցությունների որևէ հեռանկար չենք տեսնում և շարունակում ենք հայտարարել նման բանակցությունների համար նախադրյալների բացակայության մասին»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլն այժմ տեսնում է նման բանակցությունների հնարավորություն, և արդյոք դրանք անհրաժեշտ են։
Խոսելով Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների միջև հանդիպում կազմակերպելու առաջարկի մասին՝ Կրեմլի ներկայացուցիչը պատասխանել է, որ այժմ դրա համար նախադրյալներ չկան։