ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ–ն ներկայացնող Լևոն Արոնյանը Grand Chess Tour-ի շախմատային շարքի հինգերորդ փուլի` Սինքֆիլդի գավաթի նախավերջին տուրում պարտություն է կրել։
Հայ գրոսմայստերը պարտվել է շախմատի աշխարհի թագի հավակնորդ, ռուս Յան Նեպոմնյաշչիին։ Սպիտակ խաղաքարերով հանդես եկող Արոնյանը պարտություն կրեց 54-րդ քայլին։
Ութ տուրից հետո Արոնյանը 3 միավորով կիսում է 6-7-րդ տեղերը ամերիկացի Հանս Նիմանի հետ։ Այսօր` վերջին տուրում, Արոնյանը սև խաղաքարերով կխաղա ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ։
Նշենք, որ բացի Լևոն Արոնյանից մրցաշարում խաղում են աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, ռուսաստանցի Յան Նեպոմյաշչին, Ֆրանսիայի ներկայացուցիչներ Ալիռեզա Ֆիրուջան և Մաքսիմ Վաշիե-Լագրավը, ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան, Հանս Նիմանը, Լենիեր Դոմինգեսը և Ուեսլի Սոն, ինչպես նաև ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը։
Դասական շախմատի կանոններով անցկացվող մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 350 հազար դոլար, որից հաղթողը կստանա 100 հազար դոլար։