Մինսկը և Երևանը կդառնան քույր քաղաքներ

Մինսկ
Երևանի և Մինսկի ներկայացուցիչները քննարկել են նաև առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Մինսկը և Երևանը կդառնան քույր քաղաքներ։ Այս մտադրությունը հայտնել են Մինսկի քաղաքային գործկոմի նախագահ Վլադիմիր Կուխարևը և Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը Բելառուսի մայրաքաղաքում կայացած հանդիպման ժամանակ, հայտնում է Sputnik Բելառուսը։
Կողմերը կարևորել են առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության զարգացումը, ինչպես նաև նշել են երիտասարդական քաղաքականության ոլորտում կապերի հաստատման անհրաժեշտությունը։
Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը նշել է, որ Մինսկի հետ համագործակցությունը մեծ հետաքրքրություն է ներկայացնում Երևանի համար։
«Բելառուսը և Հայաստանը շատ ընդհանրություններ ունեն, կան մի քանի ոլորտներ, որտեղ մենք նպատակ ունենք զարգացնել փոխադարձ համագործակցությունը, այդ թվում՝ արդյունաբերությունը, առողջապահությունը, կրթությունը»,- ասել է նա։
Նրա խոսքով` Հայաստանը հատուկ հետաքրքրություն ունի բելառուսական ապրանքների նկատմամբ։ Այժմ Հայաստան են մատակարարվում է Բելառուսում արտադրված վերելակները։ Բայց դեռևս կան բազմաթիվ բելառուսական արտադրության ապրանքներ, որոնք հետաքրքրում են Երևանին, մասնավորապես՝ տրանսպորտային միջոցները։
Իր հերթին Կուխարևը նշել է, որ հանդիպմանը քննարկվել են գործարանների և սպասարկման կենտրոնների ստեղծման հեռանկարները, ինչը չափազանց կարևոր է սարքավորումների մատակարարման համար։
«Մենք լավ հեռանկարներ ենք տեսնում փոխադարձ համագործակցության ընդլայնման համար»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ Երևանն ունի 24 քույր քաղաք։ Համագործակցության առաջին պայմանագիրը կնքվել է 1973 թվականի սեպտեմբերի 12-ին իտալական Կարարա քաղաքի հետ։ Վերջին պայմանագիրը կնքվել է 2015 թվականի հոկտեմբերի 9-ին Վոլգոգրադի հետ։
Քույր քաղաքների համագործակցության շրջանակն ընդգրկում է առևտրատնտեսական, գիտատեխնիկական, ինչպես նաև մշակույթի, առողջապահության, զբոսաշրջության, շինարարության և այլ ոլորտներ։