ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Վիրջինիա նահանգում գտնվող Արլինգտոն զինվորական պանթեոն: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել և ծաղկեպսակ դրել անհայտ զինվորի հիշատակը հավերժացնող հուշարձանին։
«ԱՄՆ–ի համար սա շատ կարևոր վայր է, և մենք մեր հերթին մեր հարգանքը մատուցեցինք տարբեր պատերազմներում ընկած հայտնի ու անհայտ զինվորներին»,– պաշտոնական արարողությունից հետո լրագրողներին ասել է Սուրեն Պապիկյանը։
Պապիկյանը ԱՄՆ–ում է սեպտեմբերի 5-ից։ Այցի շրջանակներում նա Պենտագոնում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ։ Նախարարը ներկայացրել է Հայաստանի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական իրադրությունը, այդ թվում՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին։
Կողմերը կարևորել են տարածաշրջանային երկարատև խաղաղության և կայունության հասնելուն ուղղված ջանքերը։
Անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային անվտանգության խնդիրներին։