ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն անցած օրվա ընթացքում խոցել են 13 ուկրաինական անօդաչու թռչող սարք և HIMARS ՀԿՌՀ-ի 5 արկ։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Բացի այդ, ռուսական ՀՕՊ-ը Նովայա Կախովկայի շրջանում մեկ օրվա ընթացքում օդում ոչնչացրել է HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հինգ արկ:
ՌԴ ՊՆ-ից ասել են, որ ՌԴ ԶՈւ-ն մեկ օրում զինամթերքի վեց ուկրաինական պահեստ է ոչնչացրել Դոնեցկի, Դնեպրոպետրովսկի և Զապորոժիեի շրջաններում, ինչպես նաև ռադիոլոկացիոն կայան՝ Նիկոլաևի մարզում:
Նիկոլաևի մարզի Կալուգա բնակավայրի շրջանում ոչնչացվել է օդային թիրախների հայտնաբերման և ուղեկցման ռադիոլոկացիոն կայանը:
«Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի բարձր ճշգրտության զենքով խոցվել են Ուկրաինայի ազգային գվարդիայի 5-րդ բրիգադի շտաբը, 92-րդ մեքենայացված բրիգադի ստորաբաժանումների և «Կրակեն» ազգայնական խմբավորման ժամանակավոր տեղակայման կետերը Խարկովի մարզի Բալակլեայի և Չուգուևի շրջաններում, ինչպես նաև 54-րդ մեքենայացված բրիգադի կառավարման կետը ԴԺՀ-ում»,-ասել են գերատեսչությունում:
Արդյունքում «ոչնչացվել է մինչև 300 ուկրաինացի զինծառայող և մինչև 15 միավոր ռազմական տեխնիկա»:
«Ընդհանուր առմամբ` հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 293 ինքնաթիռ, 152 ուղղաթիռ, 1929 անօդաչու թռչող սարք, 374 զենիթահրթիռային համալիր, 4870 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 830 մարտական մեքենա, դաշտային հրետանու 3375 հրանոթ և ականանետ, ինչպես նաև 5432 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա»,– ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 198-րդ օրը։