ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն այսօր` սեպտեմբերի 10-ին,ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին:
Ինչպես հայտնում են ԱԺ–ից, Ռուբինյանն ամերիկացի համանախագահին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի ներկա վիճակը և այդ առնչությամբ Հայաստանի դիրքորոշումները:
Ընդգծվել է հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրագործման կարևորությունը:
Ռուբինյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հետ
© Photo : official site of the Parliament of RA
Ֆիլիպ Ռիքերը Հայաստան է ժամանել սեպտեմբերի 8-ի առավոտյան։ Նույն օրը նա այցելել էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր։
Սեպտեմբերի 9-ին Ռիքերը հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցերի լայն շրջանակ: Շեշտվել է ԱՄՆ–ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորման համատեքստում:
Ամերիկացի պաշտոնյան Հայաստանից ուղևորվելու է Վրաստան, ապա Ադրբեջան։ Բոլոր երեք երկրներում հանդիպելու է բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու տարածաշրջանին առնչվող հիմնական հարցերը։
Հիշեցնենք՝ Ֆիլիպ Ռիքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ ներկայացուցիչ համանախագահ է նշանակվել 2022թ–ի օգոստոսի 23-ին` այդ պաշտոնում փոխարինելով Էնդրյու Շոֆերին։