ՔԿ նախագահը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին

Շուրջ 30 ծնողների մասնակցությամբ ավելի քան երեք ժամ տևած հանդիպման ընթացքում Քյարամյանը պատասխանել է ծնողների հարցերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողների։
Ինչպես հայտնում են քննչական մարմնից, հանդիպմանը քննարկվել են պատերազմական գործողությունների տարբեր դրվագներով քննվող քրեական գործերի նախաքննության ընթացքին վերաբերող հարցեր:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ շուրջ 30 ծնողների մասնակցությամբ ավելի քան երեք ժամ տևած հանդիպման ընթացքում Քյարամյանը պատասխանել է ծնողների հարցերին, պատրաստակամություն հայտնել պարբերաբար նման հանդիպումներ կազմակերպել` նախաքննության շրջանակում իրականացվող աշխատանքների վերաբերյալ պարզաբանումներ տրամադրելու նպատակով:
Հիշեցնենք` ՀՀ գլխավոր դատախազության հրապարակած տվյալներով` 2020թ.-ի 44-օրյա պատերազմից հետո մինչ օրս դատախազություը պատերազմական հանցագործություներին վերաբերող 226 դիմում և 42 հաղորդում է ստացել։ Դրանցից 36–ի հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ: 2-ը ուղարկվել է առկա քրեական վարույթին կցելու և համատեղ ընթացքը լուծելու համար: Եվս 12 հաղորդում քրեական վարույթի շրջանակում քննության առարկա դարձնելու համար ուղարկվել է քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն: