Պահպանողական կուսակցությունը դադարեցնում է մասնակցությունը վարչապետի հետ հանդիպումներին

Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը վարչապետի հետ վերջին` օգոստոսյան հանդիպմանը ներկա չի եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Պահպանողական կուսակցությունը հայտարարությւն է տարածել, որում հայտնում է, որ դադարեցնում է մասնակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ կազմակերպվող արտախորհրդարանական ուժերի ամենամսյա հանդիպումներին, «քանի որ այդ հարթակը չի ապացուցել, որ նպաստում է ՀՀ ինքնիշխանության ամրապնդմանը»։
Փոխարենը կուսակցությունը քաղաքական այլ ուժերին տեղեկացնում է, որ բաց է համագործակցության առաջարկների համար և նախաձեռնում է քաղաքական ուժերի հետ հանդիպում-խորհրդակցություններ` «անկախության ջատագով կուսակցություների հետ հարաբերությունները կարգավորելու և գործընկերային խարտիա ստորագրելու նպատակով»։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ կառավարության ղեկավարը պարբերաբար հանդիպումներ է ունենում արտախորհրդարանական ուժերի ղեկավարների հետ։
Նման վերջին հանդիպումը կայացել է ս.թ. օգոստոսի 27-ին։ Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանն այդ հանդիպմանը ներկա չի եղել։
Օգոստոսյան հանդիպմանը չեն մասնակցել նաև նախորդ հանդիպումներին մասնակցած` Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը։
Արտախորհրդարանական ուժերի հանդիպումներին սովորաբար մասնակցում են նաև «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը և «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը:
ՌԱԴԻՈ
Ի՞նչ կարող են տալ Փաշինյանի և արտախորհրդարանականների հանդիպումները. քաղաքագետի դիտարկումը