Նկարում է ոտքով ու պրոթեզով․ ինչպես զույգ ձեռքերը կորցրած Գարիկը գտավ լույսի ճամփան

Գրեթե 15 տարի առաջ բանակում պատահարի հետևանքով Գարիկը կորցրեց զույգ ձեռքերը, սակայն ոչ կյանքի հանդեպ հետաքրքրությունը։ Այդ դեպքից հետո նա ոչ միայն երկրորդ մասնագիտություն ձեռք բերեց, այլև սկսեց նկարել։
Sputnik
Դարպասը բացվում է, ներս ես մտնում ու հայտնվում հեքիաթում՝ ջրաշուշաններով լճակներ, հազվադեպ հանդիպող ծառ ու ծաղիկ և ամեն քայլին` արվեստ։ Աշտարակում ենք՝ Գարիկին և Արմինեին հյուր ենք եկել։ Դիմավորում է Գարիկը։ Երկարաթև վերնաշապիկով է, որի թևքերն ազատ են։ Դարպասը բացում է ոտքերի մատներով։ Շփոթմունքս վայրկյաններ է տևում. Գարիկը ժպիտը դեմքին շտապում է այգի ուղեկցել, որն այնքան յուրահատուկ է, որ անուն էլ ունի՝ ԳԱրմին ԳԱրդեն: Ցույց է տալիս երազանքների լճակը՝ Սևանիկը…
1 / 4

Գարիկը` իր ու կնոջ հիմնած ԳԱրմին ԳԱրդենում

2 / 4

ԳԱրմին ԳԱրդենը

3 / 4

Գարիկն ու Արմինեն իրենց երազանքների լճակի՝ Սևանիկի մոտ

4 / 4

Գարիկը

Երկրորդ ծնունդ

Գարիկը զինհաշմանդամ է, ժողովրդական վարպետ։ ԵՊՀ–ի կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետն ավարտելուց հետո զորակոչվել էր բանակ։ Ծառայում էր Արցախում՝ Քարվաճառում։ 21 տարեկան էր, ծառայության կեսից ավելին անցել էր, երբ դժբախտ պատահարի հետևանքով կորցրեց զույգ ձեռքերը։
Գարիկի մայրը` տիկին Գոհարը
Դժվար էր, բայց ամեն ինչ կարող էր ավելի վատ ավարտ ունենալ։ Երկրորդ անգամ էր ծնվել։ Վիրահատություններ, վերականգնողական բուժում, ապա պետք էր սովորել պրոթեզներին։
Հարցիս` ո՞վ օգնեց հաղթահարել դժվարությունները, շտապում է պատասխանել Արմինեն։
«Ինքն իրեն օգնեց»,–ասում է։
Գարիկն ու Արմինեն
2009-ին Գարիկը որոշեց շարունակել ուսումը. ընդունվեց Պոլիտեխնիկի մագիստրատուրա` «Ռադիոտեխնիկա և կապ» մասնագիտությամբ։ 2010-ին սկսեց նկարել։
«Գերմանիայում էի, Ֆրանկֆուրտի մոտ մի ճանապարհ տեսա՝ անտառի ճանապարհ էր, ոնց որ դեպի լույս տաներ։ Առաջինը հենց դա եմ նկարել ոտքով, այդպես էլ անվանեցի՝ «Ճանապարհ դեպի լույս», ու դա նաև փոխաբերական իմաստով էր»,- պատմում է Գարիկը։
«Ճանապարհ դեպի լույս» կտավը
Ասում է՝ նախկինում նկարելու փորձ ունեցել է այնքան, որքան բոլոր երեխաներն են ունենում։ Իսկ հետո առաջին կտավին հաջորդեց երկրորդը, ապա նաև մյուսները։ Նկարում էր ոչ միայն ոտքերով, այլև ձեռքի պրոթեզներով... Մի քանի խմբակային ցուցահանդեսներից հետո 2016-ին բացվեց Գարիկի աշխատանքների առաջին անհատական ցուցադրությունը՝ դարձյալ «Ճանապարհ դեպի լույս» խորագրով։ Ցուցահանդեսը ճակատագրական դարձավ՝ Գարիկի կյանքում նաև Արմինեի բերած լույսն ավելացավ։
Արմինեն

Գիտակցված որոշում

Արվեստաբան, մշակութային լրագրող Արմինե Մելիք-Իսրայելյանին (երգչուհի Գոհար Գասպարյանի կենսագիր) պատմեցին երկու ձեռքեր չունեցող յուրօրինակ նկարչի մասին, որի առաջին անհատական ցուցահանդեսը մի քանի օրից պետք է կայանար։ Արմինեն որոշեց՝ բացմանը չի գնա, որ ավելի հանգիստ պայմաններում կարողանա տեսնել կտավները։ Նաև չէր ցանկանում հոդվածը գրելուց առաջ նկարչի հետ հանդիպել, որ իր կարծիքն առավել անաչառ լինի։ Այդպես էլ արեց։ Երկրորդ օրը գնաց, դիտեց, տպավորվեց, ապա հարցաշար կազմեց, համացանցով ուղարկեց Գարիկին՝ խնդրելով պատասխանել։ Դրանից հետո գրեց հոդված Իրանում լույս տեսնող «Հույս» հայալեզու պարբերականի համար։ 1 ամիս անց հանդիպեց հոդվածի հերոսի հետ՝ ամսաթերթը փոխանցելու համար։

«Գարիկը զարմացած էր, թե ինչպես էի կարողացել առանց իր հետ հանդիպելու և զրուցելու հասկանալ իր հոգեվիճակները կտավներից»,- պատմում է Արմինեն։

Ծանոթությունը սկսվեց արվեստի շուրջ զրույցներով, հետո վերածվեց մեծ սիրո։
«Ինձ համար կարևոր էր համոզվել, որ Արմինեն հասկանում է, թե ես ինչ վիճակում եմ․ խոսքը միայն սիրո մասին չէր, այլ կյանքը կապելու»,- ասում է Գարիկը։
Գարիկն ու Արմինեն
«Մի օր մեջքիս հետևում կապեցի ձեռքերս՝ հասկանալու համար, թե ինչ է նշանակում լինել առանց ձեռքերի, ինչ դժվարություններ կան, երբ մարդ ուզում է, օրինակ, ջուր խմել, հաց ուտել, ինչ-որ բանի դիպչել... Ուզում էի զգալ այն, ինչ ինքն է զգում, ինչ կարող ես ու ինչ չես կարող»,- իր գիտակցված որոշման մասին պատմում է Արմինեն։
2016թ․-ին Գարիկն ու Արմինեն ամուսնացան։

«Արվեստի պատերազմներն» ու երազանքները

Արմինեն նույնպես նկարչուհի է, Հայաստանի նկարիչների միության անդամ։ Նկարում է բառի բուն իմաստով այն ամենի վրա, ինչ ձեռքն է ընկնում։ Կատակում է՝ իր նկարչական պարագաների հարցում գծուծ է, մինչդեռ Գարիկի համար գնում է ամենաթանկ կտավները, ներկերը, նյութերը, ինքն էլ կարող է նկարել, ասենք, խմորեղենից մնացած ստվարաթղթի վրա։ Արմինեն ոչ միայն ոգեշնչում, այլև դրդում, երբեմն էլ նույնիսկ ստիպում է Գարիկին բարդ նատյուրմորտներ ստանալ։
1 / 6

Գարիկ Միքայելյանը` ոտքով նկարելիս

2 / 6

Գարիկ Միքայելյանը` ոտքով նկարելիս

3 / 6

Գարիկի և Արմինեի սենյակը

4 / 6

Գարիկ Միքայելյանի աշխատանքներից

5 / 6

Արմինեի աշխատանքներից պատրաստված վիտրաժային լուսամուտ

6 / 6

Գարիկի աշխատանքները

«Արվեստի պատերազմներ են լինում․․․»,- ծիծաղելով ասում է Արմինեն։
«Նկարչի համար կարևոր է ճիշտ պահին կանգ առնելը, Արմինեին միշտ թվում է, թե ես անցա այդ պահը, հետո համոզվում է, որ ոչ»,- ավելացնում է Գարիկը։
Բազմաթիվ երազանքներ ունեն, դրանցից մեկը վերաբերում է արվեստանոց ունենալուն, որտեղ արվեստագետը կկարողանա կտրվել կենցաղից, առանձնանալ ու ստեղծագործել։ Ծրագրում են հոկտեմբերին Գարիկի երրորդ անհատական ցուցահանդեսը կազմակերպել, Արմինեն սիրելիի համար հատուկ նվեր է պատրաստում՝ պատկերագիրք։ Որոշակի գումար արդեն կուտակել է իր ձեռագործ աշխատանքների (զարդատուփ, դրամատուփ և այլն) վաճառքից։ Երազում են, որ Հայաստան աշխարհի համար արդարությունը հաղթի ու իրենց ապագա բալիկները խաղաղ երկնքի տակ լույս աշխարհ գան։
1 / 3

Գարիկը Զինվորի տանը

2 / 3

Գարիկը Զինվորի տանը

3 / 3

Գարիկը Զինվորի տանը

Հ․Գ․ Ի դեպ` Գարիկը սկսել է նաև լողով զբաղվել` Զինվորի տան լողի թիմում է։ Երազանք, իսկ ավելի ճիշտ՝ նպատակ ունի մասնակցել պարալիմպիկ խաղերին։