ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը Լիտվայի Դրուսյինինկայ քաղաքում անցկացված միջազգային մրցաշարում դարձել է չեմպիոն։ Տեղեկությունը Լիտվայից հայտնում է հավաքականի անդամ, Sputnik Արմենիայի մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանը։
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը
© Sputnik
Գերմանիայի, Լեհաստանի, Լիտվայի(2), Լատվիայի, Ուկրաինայի և Բելառուսի թիմերի հետ պայքարում Հայաստանի լրագրողները մրցաշարի հաղթողի հարցը վճռեցին նախավերջին տուրում։
Վեց անընդմեջ հաղթանակներից հետո հայկական թիմն անհասանելի դարձավ մրցակիցների համար։
Յոթ խաղում հայ լրագրողները խփեցին 27 գնդակ և բաց թողեցին երեքը։
Սա առաջին չեմպիոնական տիտղոսն է Հայաստանի լրագրողների հավաքականի համար Դրուսկինինկայի միջազգային մրցաշարում (անցած տարի մեր լրագրողների հավաքականը չեմպիոն էր հռչակվել Եգիպտոսի միջազգային մրցաշարում)։
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը` հաղթող
© Sputnik
Հայաստանի լրագրողների հավաքականի կազմում գլխավոր ռմբարկու դարձան Դավիթ Եղիազարյանն ու Հովհաննես Մամբրեյանը։
Ընտրանու կազմում բոլորն էլ աչքի ընկան նախ և առաջ հաղթելու մեծ ցանկությամբ, բայց կարելի է առանձնացնել Հովհաննես Մելքումյանին, Նարեկ Հարությունյանին, Լեոն Սահակյանին և Սերգեյ Մկրտչյանին։
Դե իսկ թիմի ավագ Դավիթ Ալավերդյանի մասին խոսելն ավելորդ է։ Նա թիմի ոգին է ու ամեն ինչի գլխավոր կազմակերպիչը։
Նշենք, որ միջոցառմանը, որն անցկացվել է 17-րդ անգամ, այս տարի մասնակցել են 10 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Բելառուսից, Լիտվայից, Լատվիայից, Ուկրաինայից, Լեհաստանից, Գերմանիայից և Հունգարիայից։
Նրանց են միացել Լիտվայի տարբեր քաղաքները ներկայացնող մի քանի թիմ։ Բոլորը թիմերը մրցել են միմյանց դեմ, մեկ օրվա ընթացքում յուրաքանչյուր թիմ 9-ական հանդիպում է անցկացրել։
Ավանդական դարձած ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչը Լիտվայի ժուռնալիստների միությունն է։
Հիշեցնենք, որ Հայաստանի լրագրողներն այս մրցաշարում վերջին երկու տարիներին 2-րդ տեղն են գրավել, իսկ մինչ այդ երեք անգամ զբաղեցրել են 3-րդ տեղը։