Թուրքիան գազի զեղչ է ակնկալում. ի՞նչ հարցեր են քննարկելու Պուտինն ու Էրդողանը Սամարղանդում

ՌԴ նախագահն ավելի վաղ ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Ուկրաինայի հետ հացահատիկի գործարքի շրջանակում մատակարարումներ են իրականացվում ոչ թե դեպի աղքատ երկրներ, այլ հենց Եվրոպա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կհանդիպեն Սամարղանդում։ Լրագրողների հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այս խոսակցությունն իսկապես հասունացել է։ Մենք տեսնում ենք, որ ստամբուլյան պայմանավորվածությունները հացահատիկի վերաբերյալ իրականացվում են։ Տեսնում ենք նաև, որ դա առանձնակի օգուտ չի տալիս աղքատ երկրներին, քանի որ պարենով բեռնված ընդամենը երկու նավ է այդպիսի երկրներ ժամանել», – ասել է նա լրագրողներին։
«Անադոլու» գործակալությունն իր կողմից տեղեկացնում է, որ Էրդողանը մտադիր է Սամարղանդում հանդիպման ժամանակ Պուտինին խնդրել ռուսական արտադրության գյուղատնտեսական մթերքները պարենային միջանցքով տեղափոխելու մասին։
Պարենային գործարքի շրջանակում որքա՞ն հացահատիկ է դուրս բերվել Ուկրաինայից
Թուրքիայի նախագահը վստահեցրել է, որ եթե նման մատակարարումներ սկսվեն, «բեռների բաշխման օպտիմալ համակարգ կստեղծվի, այդ թվում` դեպի աֆրիկյան աղքատ երկրներ»։
Էրդողանը հավելել է, որ էներգետիկայի հետ կապված ներկայիս իրավիճակի ֆոնին Եվրոպայի համար սպասվող ձմեռը հեշտ չի լինի, և այն ստիպված կլինի մեծ ծախսեր անել։ Էրդողանը միևնույն ժամանակ նշել է, որ Թուրքիան գազի հետ կապված խնդիր չպետք է ունենա, նա ՌԴ–ից զեղչ է ակնկալում։
Ավելի վաղ` Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական համաժողովին ելույթ ունենալիս, ՌԴ նախագահը հայտարարել էր, որ Ուկրաինայից գրեթե ողջ հացահատիկն ուղարկվել է ոչ թե աղքատ երկրներ, այլ ԵՄ։ Նա առաջարկել էր սահմանափակել հացահատիկի դուրսբերման ուղղությունները (որի մեխանիզմը մշակվել էր Թուրքիայի նախագահի հետ)` ասելով, որ այդ հարցով անպայման կխորհրդակցի Էրդողանի հետ։
Ռուսաստանում նշել են պարենային գործարքի երկարացման պայմանները