ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին հաջողություն է մաղթել «Քաղաքապետը» մոնո-ներկայացման պրեմիերայից առաջ։ Լրագրողների հետ ճեպազրույցում հարց է հնչել, թե հնարավո՞ր է Սիմոնյանը նույնպես գնա այդ ներկայացմանը և մտավախություն չունի՞, որ ներկայացման ժամանակ որոշ տեղեկություններ կգաղտնազերծվեն Մարությանի կողմից, Սիմոնյանը պատասխանել է, որ իրենք թաքցնելու ոչինչ չունեն։
«Չեմ կարծում, որ կգնամ, մտավախություն էլ չունեմ, որովհետև մեր գործունեությունը միշտ եղել է բաց, և պարոն Մարությանը եղել է այդ գործունեության կիզակետում, որևէ մտահոգություն չեմ տեսնում։ Իրեն հաջողություն եմ մաղթում, ես շատ լավ ծանոթ եմ այդ աշխատանքային պրոցեսներին, թե ինչպես են ներկայացում դնում, դա շատ դժվար և աշխատատար գործ է»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր մոն–ներկայացում է բեմադրել «Քաղաքապետը» անվանումով։ Հայտարարության տեղադրումից հետո նրա առաջին ներկայացումների տոմսերը ժամերի ընթացքում սպառվեցին, Մարությանը ստիպված եղավ ավելացնել ներկայացումների քանակը։