ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանից դուրս Stars Coffee ցանցի առաջին սրճարանը կսկսի գործել Հայաստանում։ Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է ցանցի համասեփականատեր Թիմուր Յունուսովը (Տիմատի)։
Նրա խոսքով՝ նախատեսվում է ցանցի ավելի քան 20 կետ բացել արտերկրում։ Stars Coffee սրճարանները կարող են բացվել Ասիայում, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի երկրներում։
«Մենք ակտիվորեն ծրագրում ենք զարգանալ արտասահմանում, քանի որ պահանջարկը մեծ է։ Այս պահին մեր կետերի «սպասման ցուցակում» երևի միանգամից 20-25 կետ կա»,-հայտարարել է Յունուսովը։
Ցանցի ևս մեկ համասեփականատեր, ռեստորանատեր Անտոն Պինսկին հավելել է, որ այն երկրների ցուցակը, որտեղ Starbucks սրճարանները տարբեր պատճառներով ներկայացված չեն, մեծ է՝ Իրան, Քուվեյթ, Պաղեստին, Օման, Ղրղզստան և մի շարք այլ պետություններ: Սա պոտենցիալ շուկա է Stars Coffee սրճարանների համար:
Ընդ որում՝ հերթում առաջինը Հայաստանն է։ «Նրանք առհասարակ հերթ էին կանգնել դեռ ավելի շուտ, քան մենք ինչ-որ բան կբացեինք»,-ասաց Պինսկին։
Մոտ ժամանակներս Stars Coffee-ի կետերում կհայտնվեն շագանակագույն, սպիտակ և «Թիֆանի» գույնի բաժակներ։
«Մենք առջևում դեռ հրաշալի կոնցեպտ ունենք, որից ոչ ոք չունի, և դա մեր մի տեսակ նոու-հաուն է։ էսպրեսոյի բաժակ է, որը խմելուց հետո կարելի է ուտել։ Շատ շուտով այն մեզ մոտ կհայտնվի»,-ասել է Տիմատին։
Մարտի 8-ին Starbucks-ը հայտնել էր, որ ժամանակավորապես դադարեցնում է ամբողջ գործարար ակտիվությունը, ներառյալ արտադրանքի մատակարարումը Ռուսաստանի տարածքում՝ կապված Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ: Մայիսի 23-ին ընկերությունը հայտարարեց ռուսական շուկայից հեռանալու որոշման մասին։
Starbucks ամերիկյան սրճարանների ցանցի ակտիվներն ավելի վաղ որպես գործընկերներ ձեռք էին բերել ռեփեր Թիմուր Յունուսովը (Տիմատի), գործարար Անտոն Պինսկին և «Սինդիկա» ընկերությունը: