Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը վավերացրել են ՆԱՏՕ-ի 30 անդամներից 24-ը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը. Արխիվային լուսանկար
Յենս Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ի անդամ 24 երկրներ խորհրդարանների մակարդակով վավերացրել են դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի միանալու մասին արձանագրությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Մինչ օրս ՆԱՏՕ-ի 30 երկրներից 24-ն է վավերացրել դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության մասին արձանագրությունը։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը` ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Դաշինքի 24 երկիր մինչ օրս վավերացրել է արձանագրությունը ազգային խորհրդարանների մակարդակով»,- ասել է նա։
Գլխավոր քարտուղարը հավելել է, որ այս երկու երկրների անդամակցության գործընթացն ամենաարագն է դաշինքի պատմության մեջ։
Հիշեցնենք` Ուկրաինայում ընթացող ռուսական հատուկ ռազմական գործողության ֆոնին Ֆինլանդիան և Շվեդիան մայիսին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին փոխանցեցին դաշինքին անդամակցելու հայտերը: Սկզբում Թուրքիան արգելափակեց այդ հայտերի քննարկման գործընթացը, բայց հետո Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան անվտանգության հուշագիր ստորագրեցին, որով սկիզբ դրեցին ՆԱՏՕ-ի անդամակցության շուրջ բանակցություններին: