ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը կարող է զրկվել մանդատներից, եթե շարունակի բոյկոտել խորհրդարանի նիստերը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նշենք, որ այսօր «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն էր տարածել, որում ասված էր, որ Ազգային ժողովի այս նստաշրջանում նույնպես շարունակելու է չմասնակցել ոչ առաջնային օրակարգերով նիստերին։
«Ընդդիմությունը պետք է մտածի խորհրդարան վերադառնալու մասին, մեր աշխատանքը դրանից որևէ կերպ չի տուժում, դրանից տուժում են իրենք։ Շարունակում են զբաղեցնել սենյակներ, ստանալ աշխատավարձ` ավելի քիչ աշխատանքի գալով։ Ծանոթացել եմ մի հետազոտության՝ հարցում է անցկացվել, մեր քաղաքացիների 90 տոկոսը՝ անկախ իրենց քաղաքական նախասիրություններից, շատ բացասական են վերաբերվում այդ գործելաոճին»,- նշեց ԱԺ նախագահը։
Նրա խոսքով` չի լինի այնպես, որ ևս մեկ անգամ ընդդիմությանը հնարավորություն տան չգնալ ԱԺ, ու այդ ամենը մնա առանց հետևանքի։ Սիմոնյանն ասաց, որ չի սպառնում, այլ ուղիղ ասում է, քանի որ օրենքի պահանջն է այդպիսին։
Սիմոնյանի պնդմամբ` ԱԺ խորհրդի նիստում ընդդիմությունն առաջարկել է 2-3 հարց քննարկել, իր մոտ էլ հարց է առաջանում` բոյկոտում են, թե ոչ։ «Առաջարկում են, օրինակ` Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամական խմբում մեկին փոխարինել մյուսով»,– ընդգծեց ԱԺ նախագահը։
Հիշեցնենք, որ ապրիլի 12–ին ՀՀ ԱԺ ընդդմադիր խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցելու խորհրդարանի լիագումար նիստերին և անցան փողոցային պայքարի։