FlyOne Armenia–ն մեկ տարվա ընթացքում ավելի քան 200 հազար ուղևոր է տեղափոխել

Fly One ավիաընկերության օդանավը
Արամ Անանյանը պատմել է, որ ընկերությունը նախատեսում է ավելացնել օդանավերի քանակն ու ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. FlyOne Armenia ավիաընկերությունը գործունեության մեկ տարվա ընթացքում ավելի քան 200 հազար ուղևոր է տեղափոխել դեպի Հայաստան և այլ երկրներ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է FlyOne Armenia–ի վարչության նախագահ Արամ Անանյանը։
«Սա իսկապես բարձր նշաձող է` ամեն օր մենք ավելի քան 2 հազար մարդ ենք տեղափոխում։ Այսօր մենք ապահովում ենք թռիչքների ամենալայն աշխարհագրությունը` չվերթեր ենք իրականացնում դեպի Ռուսաստան, Վրաստան, Ֆրանսիա, Մոլդովա, Թուրքիա», – ասել է նա։
Անանյանը նկատել է, որ ընկերությունը մտադիր է ավելացնել օդանավերի քանակն ու ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը։ Նա նշել է, որ ձմեռային շրջանում կավելացնի թռիչքների քանակը ռուսաստանյան ուղղություններով, չվերթեր կլինեն դեպի Եկատերինբուրգ և Մինվոդի։
«Հույս ունենք եվրոպական ուղղություններով ևս թռիչքներ ավելացնել։ Դեռ մանրամասներ հայտնել չեմ ցանկանում, բայց հետաքրքիր նորություններ կլինեն», – նշել է Անանյանը։
Flyone Armenia–ն շահագործողի վկայական է ստացել 2021 թվականի հոկտեմբերի 27-ին։ Ընկերությունը չվերթեր է իրականացնում մի քանի ուղղություններով` Մոսկվա, Լիոն, Փարիզ, Ստամբուլ։ Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից։ Ընկերությունը պատկանում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։