Եղիսաբեթ 2-րդի մահը մեծ կորուստ է միջազգային հանրության համար. ՀՀ նախագահը` Չարլզ Երրորդին

ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ Երրորդին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Եղիսաբեթ թագուհին իր ժողովրդի ճակատագրով մտահոգ, ուժեղ և կամային բարձր հատկանիշներով օժտված անհատ էր։ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ Երրորդին հղած իր ցավակցական ուղերձում այս մասին ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից։
«Գահակալության յոթ տասնամյակների ընթացքում թագուհի Եղիսաբեթ Երկրորդը եղել է օրինակելի միապետ՝ իր կյանքն ու գործունեությունը մշտապես ծառայեցնելով սեփական երկրի և ժողովրդի բարօրությանը։ Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդի մահը մեծ կորուստ է ոչ միայն բրիտանացի ժողովրդի, այլև միջազգային հանրության համար»,–ասել է Խաչատուրյանն իր ուղերձում։
Նրա խոսքով` Եղիսաբեթ թագուհին իր ժողովրդի ճակատագրով մտահոգ, ուժեղ և կամային բարձր հատկանիշներով օժտված անհատ էր, որն անվերապահ մեծարանք ու խոր ակնածանք էր վայելում Միացյալ Թագավորությունում և համագործակցության երկրներում։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2–րդը մահացել է սեպտեմբերի 8-ին` 96 տարեկան հասակում։