Տիեզերական մթնոլորտ և 4000-ամյա վիշապաքար. Starmus-ը Գյումրիում է

«STARMUS VI x co-creating the future» միջոցառումը Գյումրիում
Sputnik
Գյումրեցի երիտասարդները հնարավորություն ունեին մոտիվացնող խորհուրդներ ստանալ iPod-ի հեղինակից ու լուսնագնացի պատմությունը լսել:
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. «Հաղթահարել» տիեզերական տարածությունը Գյումրու տեխնոլոգիական դահլիճի կենտրոնում «Արշալույս 5» վիշապաքարը տեսնելու համար։ Սեպտեմբերի 8-ին Starmus VI փառատոնի շրջանակում Գյումրիում մեկնարկեց «STARMUS VI x co-creating the future» միջոցառումը, որի գլխավոր հերոսը «Արշալույս 5»-ն էր:
«STARMUS VI x co-creating the future» միջոցառումը Գյումրիում
«Արշալույս 5» վիշապաքարը գտնվել է 2018 թվականին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ արշավախմբի կողմից, Գեղամա լեռներում՝ Արշալույս գյուղի հարակից սարի տարածքում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հնագետ Արսեն Բոբոխյանը տեղեկացրեց, որ սա այդ տարածքում կուտակված 5 վիշապաքարերից մեկն է, որն այսօրվա տվյալներով մոտ 4 հազար տարեկան է:
Ջրի խորհուրդ ունեցող վիշապաքարը «50 տարի Մարսում» խորագրով Starmus-ի խորհրդանիշն է` «Մարս» մոլորակ ջուր հասցնելու ակնկալիքով։
«2 տարի առաջ վիշապաքարը վերականգնելու նպատակով տեղափոխել ենք Երևան, փոխարենը տեղադրված է վիշապաքարի կրկնօրինակը, իսկ այսօր այդ իրական վիշապաքարը միջոցառման նպատակով տեղափոխել ենք Գյումրի »,-պատմում է հնագետը` հավելելով որ վիշապաքարը կարող է համարվել հայկական լեռնաշխարհի հնագույն կրոնական համակարգի մի մասը:
Հնագետ Արսեն Բոբոխյանը
Այս վիշապաքարն առաջին անգամ է «ճանապարհորդում» ու, հնագետի խոսքով, փայլուն կերպով անցավ ճանապարհը: Ի դեպ, «Վիշապաքարի ուղերձը» խորագիրը կրող արվեստի յուրօրինակ ցուցադրության շրջանակներում գյումրեցի երիտասարդները հնարավորություն ունեցան հանդիպելու տիեզերագնաց, «Apollo 16»-ի լուսնագնաց Չարլի Դյուկին և iPod-ի հեղինակ, iPhone-ի համահեղինակ, Nest ընկերության հիմնադիր և Future Shape ընկերության տնօրեն Թոնի Ֆադելին:
«Apollo 16»-ի լուսնագնաց Չարլի Դյուկը Գյումրիում
Աշխարհահռչակ գիտնականների խորհուրդները երիտասարդներին մոտիվացնում էին: «Նոր տեխնոլոգիաները շատ լավ են հատկապես ինֆորմացիայի տարածման առումով, բայց չմոռանաք մարդկային հարաբերությունների մասին ու միշտ լավատես եղեք՝ լինելով խելացի մարդկանց կողքին»,-երիտասարդներին խորհուրդ տվեց Թոնի Ֆադելին՝ հավելելով, չի դժգոհում, որ իր ձեռքին 2 սերունդ հին iPhone է:
iPhone-ի համահեղինակ, Nest ընկերության հիմնադիր և Future Shape ընկերության տնօրեն Թոնի Ֆադելին Գյումրիում
Չարլի Դյուկն էլ ներկայացրեց լուսնի վրա հայտնվելու առաջին տպավարությունների մասին: «Անհավանական ու ֆանտաստիկ էր»,-ասաց նա, որ Լուսնի վրա ոտք էր դրել 1972 թվականի ապրիլի 16-ից 27-ը «Ապոլոն 16»-ի առաքելությամբ: 20 ժամ 15 րոպե Չարլին գտնվել է տիեզերանավից դուրս: Այդ ընթացքում նա տեղադրել և փորձարկել է գիտական սարքավորումներ, հավաքել մոտ 97 կգ քարերի և հողի նմուշներ, ինչպես նաև գնահատել լուսնային մեքենայի (LRV) աշխատանքը Լուսնի կոշտ մակերևույթի վրա:
Տեխնոլոգիական կենտրոնում ներկայացված էին նաև Արագածի տարածքում հայտնաբերված վիշապաքարարերի պատկերները: