Զապորոժիեի մարզի Բերդյանսկ քաղաքն աստիճանաբար սովորում է նորովի ապրելուն. ուսումնական հաստատություններն անցնում են կրթության ռուսական համակարգին, իսկ պետական ծառայությունները ռուսական նմուշի փաստաթղթեր են տրամադրում։
Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Բերդյանսկում, բարեբախտաբար, պահպանվել են սոցիալական նշանակություն ունեցող գրեթե բոլոր օբյեկտները, սակայն լիարժեք հանգստության համար դեռ շատ ժամանակ կա. կիևյան ռեժիմը շարունակում է ահաբեկել խաղաղ քաղաքը։
Դիվերսանտները պարբերաբար ահաբեկչություններ են իրականացնում։ Ուկրաինացի գրոհայինների գլխավոր թիրախներից են դարձել տեղի պետական ծառայողները։
«Կարծում եմ, որ մեր զենքը մեր ոգին ու մեր վիճակն են։ Այդ սադրանքների և ահաբեկչությունների հետևանքով վախ և խուճապ չկա։ Դա ամենակարևորն է։ Ավելին` նշեմ, որ տարատեսակ սադրանքների հետևանքով Բերդյանսկի և Բերդյանսկի շրջանի բնակիչների մոտ, հակառակը, ավելանում է վստահությունը, որ Ռուսաստանն այն է, ինչ իրենց պետք է։ Քանի որ մարդիկ խաղաղություն են ուզում, արարում և բարություն։ Իսկ այդ ամենը գալիս է Ռուսաստանի հետ»,–նշել է Բերդյանսկի քաղաքապետ Ալեքսանդր Սաուլենկոն։
Նա նշել է, որ քաղաքում պաշտոնյաների մեծ մասն անկախ ռիսկից` շարունակում է աշխատել տեղի բնակչության կյանքը լավագույն պայմաններով ապահովելու համար։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 196-րդ օրը։