Գործադիրը չի կատարել Սևանի ափամերձ տարածքների մաքրման` բյուջեով հաստատված ծրագիրը

Սևանա լիճ
Շրջակա միջավայրի նախարարության ներկայացրած նախագծում ասված է, որ սահմանված 89 հա–ի փոխարեն մինչև տարեվերջ կհասցնեն մաքրել 64.8 հա–ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Սևանի ափամերձ ջրածածկ տարածքների մաքրման այս տարվա ծրագրով նախատեսված 89 հա–ի փոխարեն իրականում մաքրվել է շատ ավելի քիչը:
Այս մասին տեղեկանում ենք կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված որոշման նախագծից։
Շրջակա միջավայրի նախարարության ներկայացրած նախագծում ասված է, որ սահմանված 89 հա–ի փոխարեն մինչև տարեվերջ կհասցնեն մաքրել 64.8 հա–ը։
Արդյունքում կառավարությունն այսօր որոշում է կայացրել ծրագրի համար հատկացված 128 մլն դրամից տարվա ընթացքում չօգտագործված 25,8 մլն–ը հետ վերցնել ու վերաբաշխել ՇՄՆ ենթակայության այլ ՊՈԱԿ–ների միջև։
Հիշեցնենք` օրեր առաջ մամուլն անդրադարձել էր խնդրին` գրելով, որ Սևանի ափին թույլատրելի կառուցապատման նիշից ցածր հատվածներում կառուցված շուրջ 3 800 ապօրինի շենք-շինություններից 2022թ-ին որևէ մեկը չի քանդվել, իսկ 2021-ին քանդվել էր 4 պարիսպ, 9 վագոն-տնակ ու 5 շենք-շինություն։
Ի պատասխան «Ժողովուրդ» թերթի հարցման, ՇՄՆ–ից հայտնել էին, որ առաջնահերթությունը տրվել է ջրածածկման ենթակա անտառատնակների մաքրման աշխատանքներին։