Հայ ինժեներները արևային վահանակները փոշուց և ձյունից մաքրող ռոբոտ են հավաքել

Աշխարհում այդպիսի ռոբոտներ վաղուց կան, բայց տեղական արտադրողը կարող է շահել ավելի պարզ և արագ սպասարկման շնորհիվ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik, Արամ Գարեգինյան. Հայկական Solvar Systems ընկերությունը արևային վահանակները փոշուց և ձյունից մաքրող ռոբոտ է հավաքել։
Ռոբոտի արտադրության համար իր լաբորատորիաներն է տրամադրել Պոլիտեխնիկը։
Մոդելներից մեկը ներկայացվել է Երևանում Starmus գիտության և արվեստի փառատոնի շրջանակներում կայացած ցուցահանդեսում: Ռոբոտը, ինչպես արևային կայանը, սնվում է արևային էներգիայով, դրա վրա նույնպես փոքր վահանակ է տեղադրված։
Ռոբոտների շնորհիվ արևային վահանակների արտադրողականությունը կարող է աճել մինչև 30%, քանի որ մաքուր վահանակը ավելի լավ է կլանում լույսը:
Արևային վահանակին ամրացվում է մետաղյա շրջանակ, որի վրաէլ հենց աշխատում է ռոբոտը։ Ընկերությունը մոդելներ է հավաքել թե՛ չոր, թե՛ խոնավ մաքրման համար։
Առաջին դեպքում աշխատում են միայն խոզանակները, երկրորդում՝ վահանակին ջուր է ցողվում, որը հետո խոզանակները մաքրում են, Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց ընկերության գլխավոր ինժեներ, Հայաստանի Պոլիտեխնիկական համալսարանի մագիստրատուրայի շրջանավարտ Նարեկ Բադալյանը, որը ծնունդով Ալավերդուց է։ Որպեսզի ձմռանը պահուստային մասում ջուրը չսառի, հատուկ պոմպը քաշում է այն։
Ռոբոտը կարելի է կառավարել թե՛ հեռակա՝ իրական ժամանակում, թե՛ ծրագրավորել այն որոշակի աշխատանքային գրաֆիկի համար։
Նարեկ Բադալյան
Հաջորդ մոդելներին ցանկանում են տվիչներ միացնել, որոնք կորոշեն վահանակի մակերևույթի փոշոտվածության աստիճանը և դրանից ելնելով՝ ազդանշան ուղարկել մաքրման անհրաժեշտության մասին:
Առայժմ սարքը կարելի է կառավարել հեռակառավարման սարքի միջոցով, սակայն ստարտափի թիմն աշխատում է բջջային հավելվածի վրա։
Որպեսզի ռոբոտը կարողանա մաքրել և՛ ցերեկը, և՛ գիշերը (երբ վահանակը արևի լույսը չի ստանում), դրան լիթիում-իոնային մարտկոցներ են միացված։ Օրական երկու արևոտ ժամը բավարար է, որպեսզի ռոբոտը կարողանա նորմալ աշխատել գիշերը, ասում է Բադալյանը։
Նրա ստարտափը մասնակցել է նորարարության դրամաշնորհային ֆինանսավորման մրցույթին, որն ամեն տարի անցկացնում է «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը։ Այդ ժամանակ սարքով հետաքրքրվեցին արևային վահանակների հավաքող երկու հայկական ընկերություններ։
«Աշխարհում այդպիսի ռոբոտներ կան, բայց տեղական արտադրողից դրանք կարելի է ավելի արագ գնել և ավելի հեշտությամբ սպասարկել։ Այդ պատճառով էլ երկիրը կարող է ոչ միայն ներկրել տեխնիկա, այլև ինքն էլ արտադրել»,-ավելացրեց Բադալյանը։
Հիշեցնենք, որ Starmus գիտության եւ արվեստի 6-րդ փառատոնն անցկացվում է Երևանում։ Փառատոնին մասնակցելու համար ժամանել են հայտնի երաժիշտներ և մի քանի Նոբելյան դափնեկիրներ։ Այսօր Երևանի Ազատության հրապարակում բացվել է հետաքրքրաշարժ գիտության քաղաք, որտեղ երեխաներին ցույց են տալիս, թե ինչպես է աշխատում ատոմակայանը, ինչպես են անօդաչու սարքերը կարողանում հետևել դաշտերի վիճակին, ինչպես է աշխատում լազերը և այլն։