Բյուսելյան հանդիպմանը չի հաջողվել ընդհանուր դիրքորոշումներ արձանագրել. Փաշինյան

ՀՀ վարչապետի դիտարկմամբ` խաղաղություն ուզում են բոլորը, բայց յուրաքանչյուրն ունի խաղաղության իր պատկերացումը, իր բանաձևը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վլադիվոստոկի Սուրբ Գևորգ Հայ առաքելական եկեղեցի, որտեղ հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Հանդիպման ժամանակ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին` մասնավորապես ասելով, որ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր դիրքորոշումներ ունեն։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վլադիվոստոկի Սուրբ Գևորգ Հայ առաքելական եկեղեցի
«Բյուսելյան հանդիպման ընթացքում չի հաջողվել մեզ հուզող ամենակարևոր հարցերի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումներ արձանագրել, խոսքը մասնավորապես ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ է։ Բայց մյուս կողմից էլ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանն արձանագրում են խաղաղության հասնելու իրենց ցանկությունը»,– ասել է ՀՀ վարչապետը։
Նրա խոսքով` խաղաղություն ուզում են բոլորը, բայց յուրաքանչյուրն ունի խաղաղության իր պատկերացումը, իր բանաձևը, իր մթնոլորտը։
«Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ ԼՂ հիմնախնդիրը լուծված է, ու այլևս բանակցելու բան չկա։ Մեր դիրքորոշումն ու միջազգային հանրության տեսակետը չի համընկնում Ադրբեջանի այս դիրքորոշման հետ», – ասաց Փաշինյանը` հավելելով, որ այդ դիրքորոշումը չի կիսում մասնավորապես ՌԴ–ն։ Դրա մասին են վկայում Եռակողմ հայտարարության բովանդակությունն ու ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ–ում։
Փաշինյանն անդրադարձել է նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Ադրբեջանի հետ սահմանազատման հնարավորությունների խնդրին:
Պատասխանելով հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին` վարչապետը խոսել է նաև Հայաստանի արտաքին քաղաքականության, ՀՀ–ում բիզնեսի համար ստեղծվող պայմանների, կառավարության առաջնահերթությունների, բանակի և այլ թեմաների մասին: