Ավտոշուկայից մեքենա գնողները կկարողանան տեղում մաքսազերծել, հաշվառել ու համարանիշ ստանալ

Ավտոշուկա
Ըստ նոր սահմանված չափորոշիչների` ավտոշուկայի տարածքը պետք է լինի 5 հա, տեղում պետք է գործեն տարբեր ծառայություններ` ֆինանսական, ոստիկանական, մաքսային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի ավտոշուկաները շուտով կնմանվեն Վրաստանի ավտոշուկաներին։
ՀՀ կառավարության նիստում, ներկայացնելով Ավտոտրանսպորտային միջոցների շուկաներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին որոշման նախագիծը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ որոշման նախագծի մշակման ընթացքում ուսումնասիրել են տարբեր երկրների փորձը ու վերցրել են վրացականին մոտ տարբերակը։
«Մենք փորձում ենք նկարագրել, թե ինչպիսին պետք է լինի ավտոշուկան, որտեղ պետք է տեղի ունենա ավտոմեքենաների առքուվաճառքը»,– ասաց Սանոսյանը։
Ըստ նոր սահմանված չափորոշիչների, ավտոշուկայի տարածքը պետք է լինի 5 հա, տեղում պետք է գործեն տարբեր ծառայություններ` ֆինանսական, ոստիկանական, մաքսային։
«Շուկայում ոչ միայն պետք է մեքենա գնելու հնարավորություն լինի, այլև մեքենան մաքսազերծելու։ Հնարավոր լինի այդ մեքենան գնելուց տեղում հետո հաշվառում իրականացնել, պետհամարանիշ ստանալ»,– ասաց Սանոսյանը։
Որոշմամբ սահմանված են նաև շուկայում գործող սննդի կետերի, շուկա այցելող քաղաքացիների համար ավտոկայանատեղիների չափորոշիչները։
Հիշեցնենք` «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ավտոշուկաները սահմանվել են որպես առևտրի իրականացման վայր։ Բայց դրանց հստակ չափանիշներ չեն սահմանվել։ Փոխարենը օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մասով այդ լիազորությունը վերապահվել էր ՀՀ կառավարությանը։
Այս որոշմամբ, փաստորեն, կառավարությունն իրականացրեց իր այս պարտավորությունը։
Նշենք, որ նոր որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: