Քմահաճ ու նուրբ` ինչպես կինը, բարդ` ինչպես կնոջ երևակայությունը։ Այսպիսին են գյումրեցի արվեստագետ Տիգրան Մաղլոջյանի զարդերն ու հուշանվերները, որոնք նա պատրաստում է բացառապես ձեռքով։
Տիգրան Մաղլոջյանի ձեռքի աշխատանքներից
© Photo : provided by Tigran Maghlodjian
«Ոսկուց, արծաթից ու պարույրից զարդեր շատերն են պատրաստում, բայց պղնձալարից Հայաստանում գրեթե չկան՝ սա իմ համար այս աշխատանքն առավել հետաքրքիր է դարձնում: Ինչպես իմ ազգանունն է բոլորից տարբերվում, այնպես էլ իմ գործերը»,-ասում է Տիգրանը` նշելով, որ այս գործում իրեն օգնում է ծրագրավորողի իր մասնագիտությունը. մինչ պղնձալարը ձեռքն առնելը նա արդեն ճշգրիտ գծագրած է լինում երևակայության մեջ ծնված իրը:
Տիգրանի ապագա աշխատանքի գծագիրը
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Պատրաստման տևողությունը կախված է զարդի կամ հուշանվերի բարդությունից։ Այս ողջ ընթացքում իմ պատրաստածներից ամենաբարդը նուռն էր՝ երկու շաբաթ պահանջվեց, որից միայն երկու օրը գծապատկերի ու հաշվարկների վրա ծախսեցի»,-ասում է Տիգրանը:
Տիգրան Մաղլոջյանի պատրաստած պղնձե նուռը
© Photo : provided by Tigran Maghlodjian
Դպրոցն ավարտելուց հետո Տիգրան Մաղլոջյանն ընդունվել է ռազմական ավիացիայի ուսումնարան, սակայն 4-րդ կուրսից ուսումը կիսատ է թողել առողջական խնդիրների պատճառով։ Դրանից հետո փորձել է մասնագիտանալ ՏՏ ոլորտում, սակայն հետո զգացել է, որ իրենն արվեստն է և որոշել է ուսում ստանալ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում։
Տիգրան Մաղլոջյան
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Տատիկիս եղբայրն էր նկարիչ, քանդակագործ, հայրիկս է նկարիչ, ես էլ փոքր հասակում նկարչական դպրոց եմ հաճախել, և գեներն իրենցն ասացին»,-պատմում է 28-ամյա երիտասարդը:
Տիգրան Մաղլոջյան
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Պղնձալերի հանդեպ «սերն», ասում է, անմիջապես չի ծնվել: Սկզբում՝ 2016 թվականին, լուցկու ու ատամի փայտիկներից պատրաստեց Յարոսլավլի հայկական եկեղեցու մանրակերտը՝ օգտագործելով 3000 լուցկու հատիկ և 1500 ատամի փայտիկ: Այդ եկեղեցու մանրակերտից ու պղնձալար հուշանվեր-արևախաչից է, որ Տիգրանը երբեք չի բաժանվի։ Դրանք վաճառքի ենթակա չեն:
Յարոսլավլի հայկական եկեղեցու մանրակերտը
© Photo : provided by Tigran Maghlodjian
Մայրը պատմում է, որ Տիգրանը մանուկ հասակից է համբերատար ու շատ բծախնդիր եղել։ Հենց բնավորության այդ գիծն էլ օգնում է պղնձալարե զարդերը պատրաստել: Տիգրանի պատրաստած զարդերի ու հուշանվերների առանձնահատկությունը նաև նրանում է, որ պղնձյա ու երկաթյա լարերն իրար են միանում առանց ձուլման: Դժվար է պատկերացնել, բայց Տիգրանի նուրբ աշխատանքի շնորհիվ այդ զարդերը բացարձակապես չեն վնասում մաշկը:
«Տիգրանի մեջ արվեստը միշտ է եղել, պարզապես ուշ է սկսել լուրջ մտածել դրա մասին: Բնավորությամբ չափազանց հանգիստ է, ու դա է պատճառը, որ կարող է ժամերով այդ լարերը «իրենով անել» ու ի վերջո գեղեցիկ իր ստանալ»,-ասում է մայրը:
Մայրը մեծ հպարտությամբ է կրում Տիգրանի պատրաստած ապարանջաններն ու կախազարդերը։ Ասում է` դրանց ամենամեծ առնձանահատկությունն իր համար այն է, որ իր որդին է դրանք պատրաստել:
Տիգրան Մաղլոջյանի ձեռքի աշխատանքներից
© Photo : provided by Tigran Maghlodjian
Ընդհանուր առմամբ` պղնձալարե զարդերի պահանջարկը Հայաստանում մեծ չէ, բայց տարբերվող հաճախորդներ, այնուամենայնիվ, կան, որոնց գրավում է ոչ թե զարդի նյութը, այլ ձեռագործ աշխատանքը: Արտերկրից պատվիրատուներն առցանց են գտնում Տիգրանին ու պատվերներ անում:
Տիգրան Մաղլոջյանի ձեռքի աշխատանքներից
© Photo : provided by Tigran Maghlodjian
Տիգրանը հիմա աշխատում է տանը, բայց նպատակ ունի փոքրիկ արհեստանոց ստեղծել, իսկ հետագայում նաև պղնձալարի նմանությամբ արծաթյա զարդեր պատրաստել: Սրանք ապագայի ծրագրերն են, իսկ մինչ այդ նոր գաղափարներով ու նոր զարդերով նա փորձում է նոր երկրներ ու նոր պատվիրատուների գրավել: