ՀՀ–ում հանդիպել եմ շատ ուսանողների, որոնք հետաքրքրված են տիեզերքով. Դորդենը` Խաչատուրյանին

Եվրոպական տիեզերական գործակալության նախկին գլխավոր տնօրենին հյուրընկալել է ՀՀ նախագահը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Եվրոպական տիեզերական գործակալության նախկին գլխավոր տնօրեն Ժան Ժակ Դորդենը Հայաստանում գտնվելու ընթացքում հանդիպել է շատ ուսանողների, որոնք մոտիվացված են և մեծ հետաքրքրություն են ցուցաբերում տիեզերքի հանդեպ։ Նա այս մասին ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ, հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Եվրոպական տիեզերական գործակալության նախկին գլխավոր տնօրեն Ժան Ժակ Դորդենը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը
Նշենք, որ Դորդենը Հայաստանում է «Սթարմուս» փառատոնի շրջանակում։
Եվրոպական տիեզերական գործակալության նախկին գլխավոր տնօրենը նկատել է, որ Հայաստանը հաստատուն կերպով ջանքեր է գործադրում տիեզերագնացության ոլորտում իր տեղն ու դերն ունենալու համար:
«Ոչ վաղ անցյալում ունեցած մեր քննարկումներն այսօր արդեն իրականություն են դարձել և Հայաստանը տիեզերք է արձակել իր առաջին արհեստական արբանյակը»,- ասել է ՀՀ նախագահ վահագն Խաչատուրյանը՝ նշելով, որ դա շատ կարևոր քայլ էր Հայաստանի համար:
Ժան Ժակ Դորդենը հավելել է, որ ուրախ է վերադառնալ Հայաստան հատկապես «Սթարմուսի» շրջանակում:
Հավելենք, որ «Սթարմուս» փառատոնը հեղինակել են Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանը և լեգենդար «Queen» ռոք խմբի աստղաֆիզիկոս և կիթառահար դոկտոր Բրայան Մեյը։ Փառատոնը գիտության, արվեստի և երաժշտության համադրություն է, որտեղ ելույթ են ունենում տիեզերագնացներ, Նոբելյան մրցանակակիրներ և համաշխարհային գիտության, մշակույթի և արվեստի աստղեր։
Փառատոնի շրջանակում ստեղծվել է գիտական գիտելիքի տարածման համար Սթիվեն Հոքինգի մեդալը, որը շնորհվում է գիտական գիտելիքների տարածման գործում մեծ ներդրում ունեցած անհատներին ու թիմերին։ Նախկինում այն ստացել են Իլոն Մասկը, Ժան-Միշել Ժարը, Նիլ դե Գրաս Թայսոնը, Բրայան Էնոն, Հանս Զիմմերը։
Փառատոնն առաջին անգամ անցկացվել է Թեներիֆեի աստղաֆիզիկայի համայնքում 2011 թվականին:
Հայաստանում կայանալիք «Սթարմուս» փառատոնը զբոսաշրջության համար խթան կարող է հանդիսանալ