Հայաստանի ու Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը 20-30 տոկոսով ավելացել է

ՌԴ նախագահի դիտարկմամբ` Հայաստանում տնտեսական վիճակի կայունացում է տեղի ունեցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առևտրատնտեսական գործընկերների առաջին շարքերում։ Ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև վերջին շրջանում ավելացել է 20-30 տոկսով։ Այսօր Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք արձանագրում ենք Հայաստանում տնտեսական վիճակի կայունացում։ Ձեր կառավարությունը շատ բան է արել այս ուղղությամբ»,– ասաց Պուտինը։
ՀՀ վարչապետը ևս ընդգծեց, որ երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունները հետքովիդյան շրջանում ոչ միայն վերականգնվել են, այլև նոր դրական զարգացումներ ունեցել։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 6-9-ը աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում` Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին մասնակցելու նպատակով։
Համաժողվին ներկա են նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու այլ պետությունների ղեկավարներ։
Համաժողովի շրջանակներում նախատեսվում է ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը:
Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովն այս տարի կրում է «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» խորագիրը։