Այս տարի միայն Երևանում վարորդական իրավունքից զրկվել է 1727 քաղաքացի

Վարորդը կարող է բողոքարկել պարեկային ծառայողի գործողությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. 2022-ի հունվարից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում պարեկների կողմից արձանագրված իրավախախտումներով միայն Երևանի քննչական տարածքային տարբեր ստորաբաժանումներ ուղարկված նյութերով վարորդական իրավունքից զրկվել է 1727 քաղաքացի։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանությունը։
Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է վարելու իրավունքից զրկված 562 քաղաքացի, որոնք մեքենա են վարել։ Բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ։
Այսինքն` ճանապարհային երթևեկության կանոնների խախտում հայտնաբերելու դեպքում պարեկներն ու ճանապարհային ոստիկանները կազմում են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Իսկ որոշ իրավախախտումներ էլ՝ կապված հասարակական ավելի բարձր վտանգավորության հետ, նախատեսում են քրեական պատասխանատվություն։
Ի դեպ, վարորդը կարող է բողոքարկել պարեկային ծառայողի գործողությունները։